Պարզվել է, որ ոստիկանություն դիմած տաքսի մեքենայի վարորդը ստել է, որ իր վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ի կեսօրին ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 27-ամյա Սերգեյ Բերակչյանն ու հայտնել, որ գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մի անծանոթ երիտասարդ նստելով իր «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան՝ պատվիրել է գնալ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամաս, սակայն հասնելով նշված վայրը` դուրս է եկել մեքենայից եւ գազային ատրճանակից կրակելով իր ուղղությամբ՝ սրահից վերցրել է 14.000 դրամ ու դիմել փախուստի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (ավազակությունը, որը կատարվել զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության ծառայողներն ուսումնասիրել են Կոտայքի մարզում գտնվող խաղատներից մեկի՝ դեկտեմբերի 1-ի գիշերը նկարահանված տեսաերիզը, որտեղ հստակ երեւում է, որ Ս. Բերակչյանը նշված հանցագործության ժամանակահատվածում գտնվել է այդ խաղատանն ու զբաղվել մոլեխաղերով:
Դեկտեմբերի 12-ին Բերակչյանը հրավիրվել է բաժին եւ ընթերակաների ներկայությամբ տեսաերիզը դիտելուց հետո խոստովանել, որ իր նկատմամբ ավազակային հարձակում չի կատարվել, իսկ նախկինում տված իր հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:
Ս. Բերակչյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























