Մերձդնեստրի ԿԸՀ-ն այսօր` դեկտեմբերի 14-ին, հրապարակել է հանրապետությունում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, որոնք կայացել են դեկտեմբերի 11-ին: Առաջատարը խորհրդարանի նախկին նախագահ Եվգենի Շեւչուկն է, ով հավաքել է ընտրողների 38,53 տոկոսը: Երկրորդ տեղում խորհրդարանի գործող խոսնակ Անատոլի Կամինսկին է` իր 26,48 տոկոս ձայներով:

Փաստացի, Շեւչուկը եւ Կամինսկին դուրս են գալիս երկրորդ փուլ: Հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովը հայտնվել է երրորդ տեղում, ում օգտին քվեարկել է ընտրողների 24,82 տոկոսը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն պետք է ընտրությունների նախնական արդյունքները հրապարակեր դեռ դեկտեմբերի 12-ին, բայց նախագահը բողոք էր ներկայացրել ԿԸՀ, պահանջելով չեղյալ համարել ընտրությունները: Որոշվել էր հետաձգել ընտրությունների արդյունքների հրապարակումը, մինչեւ բողոքի լսումը:

Այսօրվա նիստում ԿԸՀ-ն չի քննել նախագահի բողոքը եւ հրապարակել է նախնական արդյունքները: