Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ղեկավարության ժամանակ Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու և երկիրը միջազգային հանրությանը վերաինտեգրելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նա ասել է լրագրողներին Եգիպտոսից վերադառնալուն պես։

«Սիրիայում ներքին հակամարտությունները և տարիների պատերազմը ոչնչացրել են քաղաքների և պետության ենթակառուցվածքները։ Սիրիական տնտեսությունը նույնպես փլուզվել է։ Ասադի վարչակարգի պատճառով Սիրիայի նկատմամբ կիրառված էմբարգոն և սահմանափակումների վերացումը օգտակար քայլեր կլինեն երկիրը վերականգնելու համար։ Այլ խնդիր է Սիրիայի վերաինտեգրումը միջազգային հանրությանը: Սրան զուգահեռ անհրաժեշտ է նաև մշակել ներառական սահմանադրություն և կառուցել քաղաքական համակարգ, որը կդառնա ապագա Սիրիայի հիմքը։ Ոչ ոք չպետք է մոռանա այն փաստը, որ սիրիացի ժողովուրդն է որոշում իր երկրի ապագան»,- նախագահի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։

Թուրքիայի ղեկավարը նշել է «սիրիական քաղաքների վերակառուցման կարևորությունը, որպեսզի սիրիացի փախստականները կարողանան կամավոր վերադառնալ իրենց երկիր և այնտեղ կայուն կյանք հաստատել»: «Բնակարանային խնդիրը պետք է լուծվի։ Պետք է որքան հնարավոր է շուտ կառուցվեն նոր բնակելի շենքեր, բիզնես օբյեկտներ, արտադրական և էներգետիկ օբյեկտներ, գյուղատնտեսական և անասնաբուծական ձեռնարկություններ»,- ասել է Էրդողանը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ «Սիրիայի համար բավարար մարդասիրական օգնություն չկա, այն չի հասնում այնտեղ, ինչպես և սպասվում էր»: «Թուրքիան մեծ ներդրում է ունեցել Սիրիային նոր դարաշրջանում մարդասիրական օգնության առումով։ Մեր օգնությունը շարունակվում է և կշարունակվի»,- հավելեց նա։