Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն կարծում է, որ վրացական «Բորժոմի» հանքային ջրի վերադարձը ռուսական շուկա կօգնի շատ մարդկանց առողջության ամրապնդմանը, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով: Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 14-ին, վրացական IDS BORJOMI International ընկերության ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում:

«Ռոսպոտրեբնադզորի» նախագահը հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը հնարավոր է միայն ռուսական եւ միջազգային օրենսդրության պահպանման դեպքում: IDS BORJOMI International ընկերությանն առաջարկվել է ֆորմալ բնույթի համալիր միջոցառումներ սկսել:

Օնիշչենկոն նշել է, որ վրացի արտադրողը պետք է պարտավորվի կանխել կեղծ «Բորժոմիի» հայտնվելը ռուսական շուկայում, որի շնորհիվ ռուսները հնարավորություն կունենան խանութներից գնել իսկական «Բորժոմի», որը բուժիչ հատկություններ ունի:

Հիշեցնենք, որ 2006-ի գարնանը, երբ սրվեցին ռուս-վրացական հարաբերությունները, ռուսական «Ռոսպոտրեբնադզոր»-ն արգելեց վրացական գինիների ու «Բորժոմի» հանքային ջրի ներմուծումը ՌԴ, պատճառ բռնելով, թե այդ ապրանքների որակը ցածր է: