ԱՄՆ-ին լուրջ անհանգստություն են պատճառում Ռուսաստանում ընդդիմադիրների հետապնդումները, մասնավորապես զանգվածային ձերբակալությունները: Այս մասին հայտարարվել է ԱՄՆ Սենատի` Ռուսաստանում օրենսդրության պահպանմանը եւ կոռուպցիայի հարցերին նվիրված լսումների ընթացքում: Սենատորները նշել են, որ Ռուսաստանի իշխանությունները համարձակվել են «կեղծել» դումայի ընտրությունների արդյունքները:
Սենատոր-դեմոկրատ Ջին Շահինն իր ելույթում նշել է, որ Ռուսաստանում Խորհրդային Միության 20-ամյակին համընկած ցույցերը կոչված են քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը:
Մեկ այլ դեմոկրատ Բեն Կարդինը հերթական անգամ կոչ է արել արգելել մարդու իրավունքների ոտնահարմանն առնչություն ունեցող Ռուսաստանի ներկայացուցիչներին մուտք գործել ԱՄՆ: Կարդինի ցուցակում ընդգրկված են ՆԳՆ-ի 60 պաշտոնյաներ, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Օրինագիծն այժմ ուսումնասիրում է Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմաս Մելիան նշել է, որ Ռուսաստանի բողոքի ակցիաները «ազգային սթափման» վկայությունն են: Նա կոչ է արել աջակցել ցուցարարներին:
Սենատորները նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ են արել արագացնել Մայքլ Մաքֆոլին Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելը: Վերջինիս թեկնածությունն առաջադրել են հանրապետականները, բայց կողմ են նաեւ դեմոկրատները:
Մոսկվայում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածության հաստատումը Սենատն արդեն երկու անգամ հետաձգել է: Գլխավոր պատճառը, ըստ սենատորների, եղել է այն, որ իբր Մաքֆոլը մտադիր է Մոսկվային փոխանցել SM-3 հրթիռների տեխնիկական տվյալները, ինչը կվնասի ԱՄՆ անվտանգությանը:




























