Բանգլադեշում ձկնորսներն իրենց ընկերներին պատանդ վերցրած ծովահեններին Լինչի դատաստանի են ենթարկել: Այն բանից հետո, երբ ոստիկաններին հաջողվել է սաստիկ փոխհրաձգության արդյունքում ձերբակալել 10 ավազակների, ձկնորսներն առանց դատ ու դատաստանի սպասելու լուծել են հարցերը:
Դեպքը տեղի է ունեցել Բանգլադեշի Բհոլա նահանգում` մայրաքաղաք Դաքայից 104 կմ հեռավորության վրա: Հաշվեհարդարին մասնակցել են հարյուրավոր կատաղած ձկնորսներ, գրում է The Washington Post թերթը` վկայակչելով Բանգլադեշի ոստիկանությանը:
Կղզիներից մեկում 20 ձկնորսների պատանդ վերցրած ծովահեններին բռնելու հատուկ գործողությունների ընթացքում ոստիկանությանը հաջողվել է բռնել 10 հանցագործների, մնացածներին հաջողվել է փախչել: Ոստիկանները ազատել են 19 պատանդների, մեկը մնացել է ծովահենների մոտ:
Վիրավոր ավազակներին ոստիկանական բաժանմունք են տեղափոխել, բայց դեկտեմբերի 15-ի գիշերը հարյուրավոր ձկնորսներ հարձակվել են եւ բոլոր ձերբակալվածներին մահացու ծեծի ենթարկել: Տեղի ոստիկանության պետը բացատրել է, որ ձկնորսները շատ են եղել, եւ ոստիկանությանը չի հաջողվել դիմակայել նրանց:




























