NEWS.am-ին հայտնի են դարձել անուններն այն անձանց, որոնց նկատմամբ քր.գործ է հարուցվել «Armenia Today» եւ «Բագին-ինֆո» լրատվական գործակալությունների համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ մահափորձ իրականացնելու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ հուլիսի 11-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը կալանքի որոշում է կայացրել Վլադիկ Սերոբյանի եւ Գուրգեն Կիլիկյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին, գիշերը ժամը 5-ի սահմաններում Նալբանդյան փողոցի իր բնակարանի մոտ Արգիշտի Կիվիրյանը հարձակման էր ենթարկվել երեք անհայտ անձանց կողմից եւ դաժան ծեծի ենթարկվել: Ընդ որում, հնչել էին նաեւ կրակոցներ, որոնք, բարեբախտաբար, Կիվիրյանին չէին դիպել: Ոստիկանությունը նախապես քր.գործ էր հարուցել 117 (Դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելը), բայց մայիսի 7-ին գործը հանձնվել էր ԱԱԾ-ին, որտեղ էլ մեադրանքը վերաորակել էին որպես 34-104 (մահափորձ մի խումբ անձանց կողմից):