Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն այսօր` դեկտեմբերի 15-ին, ուղիղ եթերում պատասխանելով ռուսաստանցիների հարցերին, ընդդիմության բողոքի ակցիաների խորհրդանիշը դարձած սպիտակ ժապավենները համեմատել է հակաբեղմնավորիչների հետ եւ «ուրախացել», որ «Պուտինի ռեժիմը» նման ակտիվ երիտասարդների է ստեղծել: Նա առաջարկել է տեսախցիկներ տեղադրել բոլոր ընտրատեղամասերի քվեախցիկներում, որպեսզի ցրվի ընտրակեղծիքների մասին կասկածները:
Հակաբեղմնավորիչների հետ նմանությունը նա բացատրել է նրանով, որ սպիտակ ժապավենների բաժանումն իրեն հիշեցրել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի քարոզարշավը:
«Անկեղծ ասած, անպարկեշտ է, բայց, այդուհանդերձ, ես մտածեցի, որ դա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի քարոզարշավ է, ուր հակաբեղմնավորիչներ են բաժանում»,-ասել է Պուտինը: Նա կարծիք է հայտնել, որ Բոլոտնայա հրապարակում ընդդիմության բողոքի ակցիայի որոշ մասնակիցներ փողի դիմաց են մասնակցել ակցիային: Ի դեպ, ինտերնետում բազմաթիվ տեսանյութեր կան, թե ինչպես իշխող «Եդինայա Ռոսիայի» կազմակերպած հանրահավաքից հետո մասնակիցներին կտրոնների դիմաց գումար բաժանում, իսկ ահա ընդդիմության հանրահավաքի վերաբերյալ նմանատիպ նյութեր չկան:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, վարչապետը ընդդիմության հանրահավաքի մասին խոսել է դժկամությամբ, թեեւ իր խոսքն սկսել է ընդդիմադիր շարժման մասին քննարկումով:
Նա հայտարարել է, որ հանրահավաքի մասնակիցների մեջ կան երիտասարդներ, ակտիվ մարդիկ եւ «եթե դա պուտինյան ռեժիմի արդյունքն է, դա լավ է»:
Կոնկրետ հանրահավաքների մասին նա ասել է. «Այն, որ մարդիկ արտահայտում են իրենց տեսակետը, դա նորմալ է, երբ գործում են օրենքի շրջանակում»: Ինչ վերաբերում է ընտրակեղծիքների մասին հայտարարություններին եւ ընտրությունների արդյունքներից ընդդիմության դժգոհությանը, ապա «ընդդիմությունը գոյություն ունի նրա համար, որ պայքարի իշխանության համար»:
Նա կարծիք է հայտնել, որ այդ ընտրությունների արդյունքները, անկասկած, արտահայտում են երկրում առկա իրավիճակը եւ որ իշխող կուսակցությունը նահանջել է իր դիրքերից:




























