«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանն ահազանգում է, որ իր հասցեին սպառնալիքները շարունակվում են: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ինքը` Նարեկ Հարթունյանը: «Էլ չգիտեմ, ինչեր են սարքելու գլխուս: Էլի ինչ-որ սպառնալիքներ կան: Ասել են Նարե’կ, քո գլխուն էլի բաներ կսարքենք: Փողերի լվացում, նարկոման կսարքենք քեզ, էլի կնստեցնենք: Այսպիսի բաներ ինձի ասել են շատ»,-ասաց նա:
Հարցին, թե կատարվածը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ հիասթափվի Հայաստանից եւ հեռանա, նա պատասխանեց. «Այն, ինչ կատարվում է, դա տիրոջ կամքն է, նախախնամություն կա դրա մեջ: Խորհուրդը միասնականությունն է: Չարենցն ասում է չէ՞, որ մեր փրկությունը մեր միասնության մեջ է: Եթե ինձ ձերբակալում են ու չորս օր հետո ազատ են արձակում, դա մեր միասնական պայքարի արդյունքն է: Ես երբեք չեմ հիասթափվում իմ հայրենիքից»:
Նա նաեւ արձագանքեց ՊԵԿ-ի այն հայտարարությանը, թե հարկային չարաշահումները կատարել է Շուշիում տուն գնելու համար, նշելով, որ դա իրականությանը չի համապատասխանում, իսկ Շուշիում գնած տունը կիսաավերակ կառույց է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ի քննչական վարչության վարույթում քննվող քրգործով «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ տնօրեն Նարեկ Հարթունյանին, հաշվապահ Արթուր Գալստյանին 2011թ. դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ, 38-205 հոդվածի 2-րդ(առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել) եւ 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, որը կատարվել է խոշոր չափերով(փողերի լվացում)), իսկ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին` 38-205 հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակել) եւ նրանց նկատմամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Երկու օր անց, սակայն փոխվել է նրանց խափանման միջոցը եւ նրանք ազատ են արձակվել:




























