ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կբախվի լուրջ դժվարությունների՝ փորձելով իրականացնել անլեգալ միգրանտների մասշտաբային վտարման պլանները։ Այսպիսի գնահատական է ներկայացված չորեքշաբթի The Hill թերթում հրապարակված հոդվածում։

Ինչպես նշվել է, հանրապետականը նախապես խոստացել էր, որ անօրինական միգրանտների արտաքսման պատմության մեջ ամենամեծ գործողությունը կիրականացվի ԱՄՆ-ում։ «Սակայն, ինչպես Թրամփի առաջին նախագահական ժամկետում, միգրացիոն ոլորտում նրա օրակարգի իրականացումը լուրջ խոչընդոտների կհանդիպի»,- ընդգծվել է հրապարակման մեջ։

Ինչպես նշվել է հոդվածում, Թրամփը հանդես է գալիս ԱՄՆ-ից բոլոր նրանց, վտարելու օգտին, «ովքեր օրինական կերպով չեն գտնվում երկրում»։ Ըստ թերթի՝ «դա անելու համար կպահանջվի բյուջեի աստղաբաշխական աճ»։ Թերթը հաշվարկներ է ներկայացրել, որ «երկրում առանց անհրաժեշտ փաստաթղթերի մոտ 13 մլն մարդու արտաքսումը կարժենա մոտ 88 մլրդ դոլար, ինչը գերազանցում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ողջ ընթացիկ բյուջեն»։

Հրապարակման մեջ մեջբերվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Վերոնիկա Էսկոբարի (դեմոկրատ Տեխասից) մեկնաբանությունը։ Նրա կարծիքով՝ անօրինական միգրանտների լայնածավալ արտաքսումները «բավական կործանարար հետեւանքներ կունենան երկրի տնտեսության համար», քանի որ դա կնվազեցնի առկա աշխատուժը։ Օրենսդիրն ավելացրել է, որ Թրամփն արդեն մասամբ մեղմացրել է իր դիրքորոշումը միգրանտների արտաքսման հարցում՝ լոբբիստների ազդեցության պատճառով, որոնք գործում են ի շահ բիզնեսների՝ վախենալով աշխատողների անբավարարությունից։

Թերթը նաեւ ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ անօրինական միգրանտների լայնածավալ արտաքսումներ իրականացնելու Թրամփի փորձերը անխուսափելիորեն կհանգեցնեն դատական ​​գործընթացների։ Միգրանտները եւ նրանց աջակցող իրավապաշտպան կազմակերպությունները, ամենայն հավանականությամբ, կփորձեն դատարանների միջոցով անօրինական ճանաչել ապագա վարչակազմի գործողությունները: