Ռուսաստանի Զինված ուժերի չորս զինվորների մեղադրանք է ներկայացվել Սմոլենսկի շրջակայքում վթարի ենթարկված  լեհական ՏՈՒ-154  ինքնաթիռի վթարի վայրից խոշոր չափերի գողություն եւ գողության փորձ կատարելու համար:

Ռուսաստանի ՔՀ ռազմական գլխավոր քննչական վարչությունը Լեհաստանին խնդրել է տուժածներին եւ նրանց ներկայացուցիչներին տեղեկացնել, որ նրանք կարող են ծանոթանալ գործի նյութերին: Ծանոթանալու համար նրանք պետք է գնան Սմոլենսկ, որտեղ նրանց թարգմանիչ կհատկացվի:

Գողության գործի հետաքննությունը ռուսական կողմն ավարտել է դեռեւս 2011թ. փետրվարին, սակայն գործը դատարան ուղարկելը ձգձգվել է, քանի որ Լեհաստանը չի տրամադրել հետաքննության համար անհրաժեշտ  «որոշակի տեղեկատվություն»: Այժմ լեհական կողմն «ամբողջ ծավալով» կատարել է իրավական օգնության դրույթները: Բացի դրանից, անբավարար տեղեկատվություն էին տրամադրել նաեւ ռուսաստանյան բանկերը, գրում է  Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու ինքնաթիռը 2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ վթարի էր ենթարկվել:

Նույն թվականի հունիսի 6-ին լեհական լրատվամիջոցները հաղորդել էին, որ վթարից հետո զոհված Անջեյ Պշեւոզնիկի բանկային քարտից 1400 եվրո է կորել:  հունիսի 8-ին ժամկետային 4 զինծառայողներ` Սերգեյ Սիրովը, Իգոր Պուտովարը, Յուրի Սանկովը եւ Արթուր Պանկրատովը խոստովանել էին, որ վթարի վայրում հայտնաբերել են Պշեւոզնիկի դրամապանակը, որում եղել են նրա բանկային քարտերը եւ թղթի վրա գրված PIN կոդերը: Զինվորները գումարը ծախսել են հիմնականում սննդի, ըմպելիքների եւ սրճարաններ այցելելու վրա: