Կառավարությունն իր այսօրվ՝ դեկտեմբերի 27-ի նիստում որոշեց փոփոխություններ կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում:

Մասնավորապես, սահմանվում է, որ ծրագրի շրջանակում առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչը պոտենցիալ շահառուների շրջանում կմեղմի այն անհանգստությունը, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած շահառուները չեն հասցնի մինչև սահմանված վերջնաժամկետը ստանալ այն և դիմել Ծրագրում ընդգրկվելու համար։

Բացի այդ, սահմանվում է, որ տեղահանումից հետո ծնված երեխաները համարվում են տեղահանված, եթե ծնողներից առնվազն մեկն ունի տեղահանվածի կարգավիճակ, ուստի նրանց տվյալների նույնականացումը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում պարտադիր չէ։

Նշենք, որ 2024-ի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 1-ից։