Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն պատասխանել է սենատոր Մաքքեյնի նախազգուշացմանը, թե Ռուսաստանին է մոտենում «արաբական գարունը»: նա մեղադրել է ամերիկացի քաղաքական գործչին խաղաղ բնակիչների սպանության մեջ եւ ակնարկել, որ նրա գլխի հետ ամեն բան կարգին չէ:

«Պարոն Մաքքեյնը, ինչպես հայտնի է, գերի է ընկել Վիետնամում, որտեղ նրան ոչ թե բանտում են պահել, այլ փոսում: Նա այնտեղ նստել է մի քանի տարի: Ցանկացած մարդ կցնդի այդ պայմաններում, ուստի էլ ի՞նչ ասեմ»,-ասել է Պուտինը ուղիղ եթերում, ռուսաստանցիների հարցերին պատասխանելու ժամանակ:

Մաքքեյնը հայտնի է Ռուսաստանի, մասնավորապես Պուտինի հասցեին իր խիստ քննադատությամբ: Նախորդ շաբաթ սենատորն իր «Թվիթերում» հիշատակել է Պուտինին, գրելով. «Սիրելի Վլադ, «արաբական գարունը» մոտենում է քո սահմաններին»,-գրել է Մաքքեյնը, ուղերձին կցելով The Wall Street Journal-ի հոդվածը` ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: