ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան այսօր` դեկտեմբերի 15-ին Բաղդադում մասնակցել է հանդիսավոր արարողության` նվիրված Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերմանն ու այդ երկրում 9 տարի տեւած պատերազմի ավարտին:
Արարողության ժամանակ իջեցվել է ամերիկյան զորակազմի դրոշը, որը խորհրդանշում է առաքելության ավարտը, հաղորդում է AP-ն:
Ավելի վաղ Ջիբութիում ռազմակայանում Պանետան հայտարարել էր, թե 2003թ. սկսված առաքելության նպատակն է այնպիսի պետության ստեղծումը, որը կարողանար ինքնուրույն գործել եւ ապահովել իր անվտանգությունը: Ըստ Պանետայի, ԱՄՆ-ը «կարողացել է հասնել դրան»:
Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Իրաքում ամերիկյան զորքերի «ակնառու ձեռքբերումները»:
Զորքերի վերադարձը Օբամայի նախընտրական հիմնական խոստումներից մեկն է: Ամեն օր բազմաթիվ ավտոշարասյուներ հարյուրավոր մարդկանց դուրս են բերում հարեւան Քուվեյթ: Ներկայումս Իրաքում են մնում ավելի քան 4 հազար ամերիկյան զինվորականներ, որոնք կլքեն Իրաքը մինչեւ այս տարվա վերջ: Դեկտեմբերի 31-ից հետո կմնան միայն 150 զինվորականներ, որոնք կպահպանեն Բաղդադի դեսպանատունը:




























