Հաղորդավարուհի Թինա Կանդելակին բավարար փորձ չունի, որպեսզի զբաղեցնի կրթության նախարարի պաշտոնը: Այս մասին հայտարարել է վարչապետ Վրադիմիր Պուտինը, ուղիղ եթերում պատասխանելով ռուսաստանցիների հարցերին:

Թինա Կանդելակին հաճախ է քննադատում Ռուսաստանի կրթական համակարգը եւ Պուտինին առաջարկել են նրան նշանակել նախարար:

«Թինան բազմաթիվ տաղանդներ ունի, նա վառ, հետաքրքիր կին է, բայց որպեսզի ղեկավարի նախարարությունը, պետք է ունենալ կառավարման փորձ, տվյալ ոլորտում աշխատանքի փորձ: Ես վստահ չեմ, որ նման փորձ Թինան ունի»,-ասել է ՌԴ վարչապետը:

Ինչպես հաղորդում է «Սվոբոդնայա Պրեսսա»-ն, Կանդելակին «Թվիթերի» իր բլոգում անմիջապես մեկնաբանել է Պուտինի խոսքերը, գրելով. «Քարացա հեռուստացույցի առաջ: Ես իհարկե, շատ անսպասելի բաներ եմ տեսել հեռուստատեսությամբ, բայց նման բան առաջաին անգամ է լինում: Հաճելի է, որ մարդկանց դա հետաքրքիր է: Կրկին ընդգծում եմ, որ ես չեմ նախատեսում նախարար դառնալ եւ, ինչպես տեսնում եք, ինձ էլ չեն նախատեսում այդ պաշտոնում նշանակել: Բայց խելացի դպրոցին աջակցության հույս ունեմ»:

Հիշեցնենք, որ Պուտինն այսօր` դեկտեմբերի 15-ին, ուղիղ եթերում պատասխանել է ռուսաստանցիների հարցերին: