«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է Քաջարանի տարածքը հանքավայրի վերածելու մասին ՀՀ կառավարության որոշմանը եւ դրա հետ կապված գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հրաժարականին:
Զ. Փոստանջյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի դեմ տեղի ունեցած բռնաճնշումները երեկվանից ավելի են սաստկացել, ինչի պատճառով նա ստիպված է եղել հրաժարական տալ գյուղապետի պաշտոնից եւ հայտնել իր անհամաձայնությունը իշխող Հանրապետական կուսակցության նկատմամբ` ցանկանալով դադարեցնել իր անդամակցությունը այդ կուսակցությանը:
Օրեր առաջ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը գյուղի տարհանման վերաբերյալ հեռախոսազանգի միջոցով ինձ տեղեկացրել էր իր մտահոգությունը` նաեւ ակնկալելով խնդրի բարձրաձայնման միջոցով ՀՀ կառավարության որոշման դադարեցում: Հայտնի է, որ Քաջարան գյուղի բնակիչները, այդ թվում` գյուղապետը, հրապարակավ իրենց անհամաձայնությունն են հայտնել գյուղի տարածքը հանքավայր վերածելու մասին ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ:
Նախիջեւանին սահմանամերձ Քաջարան գյուղը դատարկելու դեմ գյուղապետի եւ գյուղացիների աննահանջ բողոքը ճնշելու համար ՀՀ Սյունիքի մարզային իշխանությունները երեկվանից անցել են կտրուկ անօրինական գործողությունների:
Հայաստանի Հանրապետության թշնամու հետ սահմանամերձ գյուղի բնաջնջման այս փաստը ոչ միայն վկայում է ՀՀ կառավարության, ըստ էության, պետության եւ ժողովրդի շահը չգիտակցելու եւ անձեռնհասության մասին, այլ նաեւ ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչների կողմից, անգիտակցաբար թե ոչ, բայց փաստացի` թշնամի Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին:
Միջնաբերդ Սյունիքը այսօր առանցքային նշանակություն ունի մեր ներկայիս ազատագրված 42 հազար քառակուսի կիլոմետր հայրենիքի անվտանգության համար, եւ Սյունիքի սահմանամերձ գյուղերում բնակչություն չունենալով կամ խրախուսելով նրանց արտագաղթը` գործող իշխանությունը անդառնալի հարված է հասցնում մեր երկրի ողջ անվտանգությանը:
Մի քանի ամիս առաջ, երբ Սերժ Սարգսյանին մի երիտասարդ հարց տվեց Արեւմտյան Հայաստանի ազատագրման վերաբերյալ, նա պատասխանեց, որ Արեւմտյան Հայաստանի ազատագրումը ժառանգություն է թողնում երիտասարդներին: Ի գիտություն գործող նախագահի` մեզ ժառանգություն է թողնվել ոչ միայն Արեւմտյան Հայաստանի, այլ նաեւ Գանձակի, Ուտիքի, Նախիջեւանի եւ մեր հայրենիքի անբաժանելի մաս կազմող այլ հողերի ազատագրումը: Բայց, բացի մեր հայրենիքի ազատագրումից, մենք հասկանում ենք, որ առաջնահերթ խնդիր ունենք` ազատագրվելու բռնակալ մարզպետներից, հակահայ կառավարությունից եւ ընտրությունների կեղծման հետեւանքով ձեւավորված իշխանություններից:
Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղացիները առաջին անգամ չէ, որ մասնակցում են հայրենիքի ազատագրման սրբազան պատերազմին: ՀՀ կառավարության կողմից Քաջարան գյուղի բնաջնջման պատերազմական գործողությունը նախապես ձախողման է դատապարտված: ՀՀ կառավարությունը իր հանցագործ համբավ ունեցող մարզպետով անգամ չի կարող հաղթանակ արձանագրել այս պատերազմում:
Մենք քաջարանցիների հետ միասին ընդունում ենք հայտարարված պատերազմը եւ զգուշացնում հիշել Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի հետեւանքների մասին:
Քաջ քաջարանցիներ, դուք մենակ չեք այդ պատերազմում»:




























