«Մեծ ութնյակը» ցանկանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի լուծում գտնել, որը հաշվի կառնի Ադրբեջանի կենսական շահերը։ Ամերիկացի փորձագետ, The Heritage Foundation կազմակերպության Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով տնօրեն Արիել Կոէնը՝ ադրբեջանական «Day.az»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է մեր մոլորակում։ «Հարցը նրանում է, թե արդյոք „Մեծ ութնյակի“ առաջնորդները եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կարող են գալ լուծման, որը ձեռնտու կլինի բոլորին։ Եվ ի՞նչ կարող են „Ութնյակի“ ղեկավարներն առաջարկել Հայաստանին։ Օրինակ, արդյո՞ք նրանք կարող են առաջարկել ավելի խորը ինտեգրում Եվրամիությանը, ընդհուպ մինչեւ անդամագրում, որ Երեւանը մեղմի անկախության հարցով իր դիրքորոշումը։ Եւ ինչպե՞ս այդ ամենին կվերաբերվի Մոսկվան»,- հարցրել է ամերիկացի փորձագետը եւ հավելել. «Միեւնույն ժամանակ շատ բան է կախված Վաշինգթոնից, Բրյուսելից եւ եվրոպական մայրաքաղաքներից, որոնք պետք է իսկապես ներգրավվեն տարածաշրջանում անվտանգության խնդիրների „ղեկավարմանը“: Ոչ թե ի վնաս Մոսկվայի, այլ հանուն համերաշխության Կովկասում։ Առանց դրա ինչ-որ մեկը կարող է կարծել, որ իրենց կանաչ լույս են ցույց տվել տարածաշրջանում բացառիկ շահերի գոտու կառուցման համար»: