Պետքարտուղար ԷնթոնիԲլինքենը այս հանգստյան օրերին կկատարի իր վերջին արտասահմանյան ուղեւորությունը՝ այցելելով Հարավային Կորեա, Ճապոնիա եւ Ֆրանսիա, տեղեկացրել է Asscoiated Press-ը։
Պետդեպարտամենտը ուրբաթ տեղեկացրել է, որ Բլինքենը կայցելի Սեուլ, Տոկիո եւ Փարիզ՝ սկսած կիրակի օրվանից։
Հարավային Կորեայում, որը գտնվում է քաղաքական ցնցումների էպիկենտրոնում նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթից հետո, ինչպես նաեւ Ճապոնիայում, Բլինքենը մտադիր է ուշադրություն հրավիրել երկու երկրների հետ ԱՄՆ համագործակցության ընդլայնման վրա՝ որպես Բայդենի վարչակազմի հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմավարության մաս:
«Այս ռազմավարությունն առաջին հերթին ուղղված է տարածաշրջանում Չինաստանի հավակնությունները բթացնելուն, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը զսպելուն»,- գրել է լրատվամիջոցը։
Սակայն Հարավային Կորեայի քաղաքական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Յունի կողմից ռազմական դրություն հայտարարելուց եւ դրան հաջորդած իմփիչմենթից հետո, կասկածի տակ դրեցին Վաշինգտոնի եւ Սեուլի միջեւ հարաբերությունների կայունությունը։ ԱՄՆ-ը հավատարիմ է անորոշության նկատմամբ զգուշավոր մոտեցմանը` պնդելով, որ ամերիկա-հարավկորեական դաշինքը մնում է անձեռնմխելի եւ անխախտ:
Բլինքենը հարավկորեացի պաշտոնյաների հետ կխոսի այն մասին, թե ինչպես կարելի է «զարգացնել մեր ամենակարեւոր համագործակցությունը՝ մեր ընդհանուր արժեքների հիման վրա ամբողջ աշխարհում խնդիրների լուծման համար», նշվել է պետդեպարտամենտի հայտարարությունում։





























