ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը համաձայն չէ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի տեսակետի հետ, ըստ որի` ամերիկյան ուժերը մասնակցել են Մուամար Քադաֆիի սպանությանը:
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նյուլենդը, ի պատասխան Պուտինի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, նշել է, որ ԱՄՆ-ն «լիովին հերքում է» տվյալ վարկածը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Պուտինի խոսքերը ժխտել էին Պենտագոնի ներկայացուցիչները` Ռուսաստանի վարչապետի խոսքերն անվանելով «ծիծաղելի»:
Դեկտեմբերի 15-ին «ուղիղ գծի» ընթացքում Վլադիմիր Պուտինը կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ն հանցակից է Մուամար Քադաֆիի կողմնակիցների խմբի գնդակոծմանը եւ առաջնորդի հետ հետագա հաշվեհարդար տեսնելուն: «Անօդաչու սարքերը, այդ թվում` ամերիկյան, հարված են հասցրել նրա խմբին: Հետո ռադիոյով, հատուկ ծառայության միջոցով, որը չպետք է այդ տարածքում գտնվեր, ցրել են այսպես կոչված ընդդիմադիրներին եւ գրոհայիններին եւ ոչնչացրել առանց դատ ու դատաստանի», - հայտարարել է ՌԴ վարչապետը:




























