ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի լրագրող Թեմի Բրյուսին առաջադրել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի պաշտոնում։
«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ Թեմի Բրյուսը կմիանա Միացյալ Նահանգների պետքարտուղարի մեր անհավանական թեկնածու Մարկո Ռուբիոյին որպես ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Նրա խոսքով՝ Թեմի Բրյուսը «շատ հարգված քաղաքական վերլուծաբան է»։
Նա ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում եւ, լիբերալ ակտիվիստ լինելով 1990-ականներին, «տեսել է ձախ արմատականների կեղծիքը եւ խարդախությունը եւ արագ դարձել է պահպանողականների ամենաուժեղ ձայներից մեկը ռադիո-հեռուստատեսությունում», ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը։
«Թեմին, որը արդեն ավելի քան երկու տասնամյակ լուրերի ավագ հեղինակներից է, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ հասցնում է ամերիկացի ժողովրդին։ Ես գիտեմ, որ նա համոզմունքի եւ անվախության նույն ուժը կդրսեւորի պետդեպարտամենտի ներկայացուցչի իր նոր պաշտոնում»,- ավելացրել է նա։





























