ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է նոր սահմանափակող միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, որոնց նպատակը նրա նավթային եկամուտներն են։ Մասնավորապես, նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթ տեղափոխող լցանավերի նկատմամբ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու բանիմաց աղբյուրներ։

Բայդենի թիմը, որը նախագահությունը Դոնալդ Թրամփին կհանձնի երկու շաբաթից՝ հունվարի 20-ին, մտադիր է խստացնել պատժամիջոցները ռուսական նավթ տեղափոխող լցանավերի դեմ, որոնք վաճառվում են արևմտյան առաստաղից՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարից բարձր։

«Դա մեծ փաթեթ կլինի», - ասաց գործակալության աղբյուրը: Մեկ այլ աղբյուր նշել է, որ նոր սահմանափակումները, հավանաբար, կներառեն միջոցներ այն մարդկանց դեմ, ովքեր ներգրավված են ռուսական նավթի գնի առաստաղից բարձր վաճառելու մեջ: Բայդենը ցանկանում է ժամանակ ունենալ այս փաթեթը ներկայացնելու համար մինչև Թրամփի երդմնակալությունը, քանի որ պարզ չէ, թե ինչպիսին կլինի ԱՄՆ նոր նախագահի մոտեցումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, նշում է գործակալությունը։

G7-ի երկրները, Եվրամիությունը և Ավստրալիան 2022 թվականի վերջին սահմանեցին ռուսական նավթի գինը 60 դոլար մեկ բարելի դիմաց՝ արգելելով արևմտյան ընկերություններին փոխադրել, ապահովագրել և ֆինանսավորել ռուսական նավթի մատակարարումները սահմանված սահմանաչափին հավասար կամ գերազանցող գնով։

Սահմանափակումները շրջանցելու համար Ռուսաստանը օգտագործում է այսպես կոչված ստվերային նավատորմը, որը բաղկացած է լցանավերից, որոնք նավարկում են օտարերկրյա դրոշների ներքո։ ԱՄՆ պատժամիջոցները ազդել են տասնյակ նմանատիպ նավերի վրա, սակայն Ռուսաստանի Դաշնության ստվերային նավատորմը «հաշվում է հարյուրավոր» նման նավթակիրներ, պարզաբանում է Reuters-ը։