Ռուսաստանի ԿԸՀ-ն հրաժարվել է նախագահի թեկնածուների ցուցակում գրանցել ինքնառաջադրված թեկնածու, «Երկրի բոլոր առողջ ուժերի» դափնեկիր Նիկոլայ Լեւաշովին:
ԿԸՀ-ի հաղորդմամբ` Լեւաշովին մերժել են, քանի որ նա ՌԴ տարածքում ընդամենը 6 տարի է բնակվում: Օրենքի համաձայն` նախագահի թեկնածուն երկրում պետք է բնակված լինի նվազագույնը 10 տարի: ԿԸՀ-ի տվյալներով` 1995-2006թթ. Լեւաշովը մշտապես բնակվել է ԱՄՆ-ում:
Մերժումը պաշտոնապես կհաստատվի դեկտեմբերի 16-ին ԿԸՀ-ի նիստի ընթացքում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, Լեվաշովը, որպես ինքնառաջադրված թեկնածու, առաջինն է թեկնածության հայտ ներկայացրել ԿԸՀ:
Լեւաշովը ակադեմիկոս է, դափնեկիր եւ շքանշանակիր, նա «Հավաքական անվտանգության գիտությունների ակադեմիայի» եւ «Ընտանեկան բժշկության ակադեմիայի» անդամ է, «Ռուսաստանի հպարտություն» մրցանակի դափնեկիր, արժանացել է «Հանուն Ռուսաստանի բարօրության գործելու եւ Երկրի բոլոր առողջ ուժերին միավորելու» շքանշանի: Նա նաեւ «էություն եւ միտք» եւ «Վերջին դիմումը մարդկությանը» գրքերի հեղինակն է, «Վերածնունդ: Ոսկե դար» շարժման հիմնադիրը եւ «Հոգեբանական դաշտի հատուկ գեներատորի» հայտնագործողը: Դրա հետ մեկտեղ, իր կայքում Ռուսաստանի նախագահի նորաթուխ թեկնածու Լեվաշովը «առողջարար տեսասեանսներ» է անցկացնում:




























