Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված առկա են որոշակի ռիսկեր: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ռիսկերը, մասնավորապես, կապված են անհատական հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման հետ, առանց որի անհնար է իրականացնել կենսաթոշակային հաշիվների կառավարումը:

Մյուս ռիսկը, ըստ Ա. Ալավերդյանի, կապված է էլեկտրոնային հաշվետվությունների ծավալների կտրուկ աճի հետ: Եթե ներկայում էլեկտրոնային հաշվետվություն են ներկայացնում մոտ 7000 սուբյեկտներ, ապա կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում դրանց թիվը տասնապատիկ կաճի:

Ա. Ալավերդյանը նշեց, որ թեեւ ռիսկերն առկա են, սակայն նախապատրաստական աշխատանքներն ընթանում են իրենց հունով:

Նշենք, որ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում 2011թ. ապրիլից Հայաստանում ներդրվել է կամավոր կուտակային համակարգը, իսկ 2014թ. հունվարի 1-ից կներդրվի պարտադիր կուտակային համակարգը:

Այն քաղաքացիները, ովքեր ծնվել են 1974թ. հունվարի 1-ից հետո, 2014 թ. պարտադիր հիմունքներով անցնելու են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, իսկ մինչեւ 1974թ. հունվարի 1-ը ծնված անձինք համակարգին կարող են միանալ կամավորության սկզբունքով: Որեւէ տարիքային սահմանափակում այս առումով գոյություն չունի: