Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում, դեկտեմբերի 15-ի երեկոյան, հաղորդում է ստացվել, որ Չայկինայի 5-րդ փողոցում գտնվող Նապոլեոն Ա.-ի տանը վիճաբանություն է տեղի ունենում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ 30-ամյա Ահարոն Վ.-ն հիշյալ տան դիմաց 20-25 րոպե տեւողությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյել է Նապոլեոն Ա.-ին եւ նրա ընտանիքի անդամներին, վիճաբանել իրեն կարգի հրավիրող 25-ամյա Նարեկ Հ.-ի, 38-ամյա Արթուրիկ Ն.-ի եւ Վարդան  Ա.-ի հետ, հրել եւ վայր է գցել վերջինիս՝ ձեռքի շրջանում պատճառելով վնասվածքներ: Բացի այդ, հարձակվել է վիճաբանությունը դադարեցնելու փորձ կատարող ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել նրան, պոկել համազգեստի փողկապը, բռունցքներով հարվածել  կրծքին եւ ուսին:

Ահարոն Վ.-ն բերման է ենթարկվել բաժին: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ Նապոլեոն Ա.-ն նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն է: 

Հիշեցնենք, որ ամռանն էլ Ազիզյանին կողոպտել էին: Օգոստոսի 21-ին, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել էին ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը  ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6  նկարներ` դիմել են փախուստի: Ավելի ուշ պարզվել էր, որ հարձակվողները հայտնի բանդայի անդամներ են: