Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ չի բացառում Սիրիայում գործող քրդական զինված ուժերի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը, եթե նրանք չկատարեն առաջադրված պայմանները։

«Մենք հստակ պահանջներ ենք ներկայացրել. Եթե ​​դուք չեք ցանկանում ռազմական գործողության տարբերակը, ապա օտարերկրյա ահաբեկիչները պետք է լքեն Սիրիան, պարագլուխները պետք է լքեն երկիրը, իսկ կազմակերպության մնացած անդամները պետք է վայր դնեն զենքերը և աշխատեն սիրիական նոր վարչակազմի հետ։ Դամասկոսը երկխոսություն է վարում նրանց հետ։ Մի անգամ ասաց, երկրորդ անգամ կասի։ Բայց եթե արդյունք չլինի, ռազմական գործողությունը կլինի օրինական ընտրությունը»,- ասել է նախարարը CNN Turk-ի եթերում։

Նա նշել է, որ «Սիրիան պետք է լուծի Քրդստանի բանվորական կուսակցության [PKK], ինչպես նաև Ժողովրդական պաշտպանության ուժերի խնդիրը, որը Անկարան դիտարկում է որպես PKK-ի սիրիական ճյուղ։ «Մենք երկար տարիներ զբաղվել ենք այս հարցով։ Այժմ Սիրիայում նոր իրողության համատեքստում մենք շարունակում ենք աշխատել՝ գնահատելով տարբեր սցենարներ։

Այժմ Սիրիայի նոր վարչակազմն ակնհայտորեն պետք է ճանաչի այս խնդիրը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկի իր երկրի ազգային անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու համար։ Սա է մեր ակնկալիքը։ Այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են»,- ասել է Ֆիդանը:

Նրա խոսքով, Թուրքիան ակնկալում է, որ Արաբական Հանրապետության նոր իշխանություններն «այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկեն», սակայն «դա որոշ ժամանակ կպահանջի»։