ԱՄՆ-ն 2012թ. ռազմական բյուջեն կրճատել է 43 մլրդ դոլարով: Կոնգրեսը հավանության է արժանացրել պաշտպանական գերատեսչության ծախսերի նոր նախագիծը, եւ այն ստորագրման համար կներկայացվի նախագահ Բարաք Օբամային:
2012թ. ռազմական բյուջեն կկազմի 662 մլրդ դոլար, եւ այդ գինը 43 մլրդ-ով քիչ է 2011թ. բյուջեից:
Հավանության արժանացած օրինագիծը նաեւ պատժամիջոցներ է նախատեսում Իրանի եւ Պակիստանի դեմ: Պակիստանն ԱՄՆ-ից ֆինանսական օգնություն ստանալու համար պետք է ԱՄՆ-ի հետ ակտիվ համագործակցի ահաբեկչության դեմ պայքարի գործում, տեղեկացնում է Associated Press-ը:
Փաստաթղթի քննարկման ընթացքում դրանում որոշակի ճշտումներ են կատարվել ահաբեկչության հետ կապված աշխատանքների պարզեցման ուղղությամբ: Այսպես, ահաբեկչական կազմակերպություններում ընդգրկված լինելու մեջ կասկածվող անձինք կարող են անորոշ ժամկետով վերահսկողության տակ առնվել:
Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ դեմ են արտահայտվել այդ փոփոխությանը` այն անվանելով հակասահմանադրական: Սակայն, ինչպես տեղեկացրել է Ջոն ՄըքՔեյնը, բոլոր նրանք, ովքեր օրենքը չեն խախտում, «վախենալու բան չունեն»:




























