Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանն այսօր, դեկտեմբերի 16-ին այցելել է Գավառի մանկատուն եւ նվիրել է համակարգիչներ, մոնիտորներ ու պայուսակներ:
Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլ է խաղացել մանկատան թիմի դարպասապահ Արտակ Ասրյանի հետ, ով երկար ժամանակ բաց չի թողել Մխիթարյանի ձեռքը եւ խնդրել է փորձել իր վարպետությունը:
Մանկատան երեխաները մեծ ոգեւորությամբ են ընդունել ազգային հավաքականի առաջատարին:
Մանկատան սան Կարեն Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ամբողջ տարվա ընթացքում հետեւել է Հենրիխ Մխիթարյանի ելույթներին ոչ միայն ազգային հավաքականի խաղերում, այլ նաեւ Դոնեցկի Շախտյորի հանդիպումներում: Կարենը նշեց, որ շատ է սիրում Մխիթարյանին եւ նրա խաղը եւ մտադիր է ֆուտբոլիստ դառնալ ու նմանվել Մխիթարյանին:
Մանկատան սան Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ այս տարի հավաքականի գեղեցիկ հաղթանակների շնորհիվ իրենց կյանքն ավելի հետաքրքիր է դարձել:
Մանկատանը դիտում են ազգային հավաքականի եւ Շախտյորի հանդիպումները: Երեխաները թեեւ ֆուտբոլային դաշտ չունեն, սակայն խաղահրապարակում սկսել են ավելի հաճախ ֆուտբոլ խաղալ:
Հենրիխ Մխիթարյանը տնօրենի եւ երեխաների հետ ծանոթացել է մանկատան պայմաններին:
Գավառից Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Մարտունու ֆուտբոլի մարզադպորց:




























