Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի  Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն պահպանվի: Այս մասին հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական  կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը դեկտեմբերի 16-ի մամլո ասուլիսի ընթացքում:

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի առաջխաղացման տեսանկյունից ամփոփելով անցնող տարվա արդյունքները` խորհրդարանականը հիշեցրել է, որ ամենաբարձր մակարդակով երկու հանդիպում է կայացել` Սոչիի հանդիպումը, որն էլ նախադրյալներ ստեղծեց Կազանի հանդիպման համար: Կազանի հանդիպման հետ մեծ հույսեր էին կապվում` հաշվի առնելով, որ մոտ հեռանկարում, ամենայն հավանականությամբ, բանակցային գործընթացում լռություն կտիրի` կապված ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում սպասվող ընտրությունների հետ: Կազանի հետ կապված հույսերը չարդարացան»,-նշել է պատգամավորը` հավելելով, որ հանդիպումը եւ դրա արդյունքները ցույց են տվել Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը: Ընդհանրապես, Ադրբեջանը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային կառույցների մոտեցմանը:

«Պարզվեց, որ Ադրբեջանը համաձայն չէ բանակցությունների սեղանին առկա փաստաթղթի հետ եւ 10 նոր առաջարկներ է ներկայացրել, որոնք փոխում են բանակցային գործընթացի տրամաբանությունը»,- նշել է Մինասյանը:

Նրա խոսքով` վերջին տարիներին մի շարք երկրների անկախության հասնելու փորձը փոխել է միջազգային կառույցների մոտեցումն այդ հարցի վերաբերյալ` ցնցելով տարածքային ամբողջականության առաջնայնության տեսանկյունից մոտեցման դիրքերը եւ դրան հավասարազոր դասելով ազգերի ինքնիշխանության իրավունքը, ինչն էլ արտացոլվել է փաստաթղթում: Փաստորեն, ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունները բանակցությունների ընթացքում մի բան են ասում, սեփական ժողովրդին` այլ բան: Ինչ վերաբերում է այլ ատյանների ներգրավմանը, ապա, Մինասյանի խոսքով, ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, իսկ ԵԽԽՎ ներկա ղեկավար Չավուշօղլուի ջանքերն իզուր անցան: Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ոչ մշտական անդամ դառնալու հետ մեկտեղ, հարկ է հիշել նաեւ երեք մշտական անդամների մասին, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներ են եւ վետոյի իրավունք ունեն:

«Եզրակացություն. Ադրբեջանը շահագրգռված է ստատուս քվոյի պահպանման հարցում , որպեսզի շարունակի իր ժողովրդին խաբել: Որովհետեւ ցանկացած զարգացում կարող է բացահայտել ադրբեջանական իշխանությունների խաբեությունը», - հայտարարել է Գագիկ Մինասյանը` հավելելով, որ հենց սուտն է ալիեւյան կլանին հնարավորություն ընձեռում պահպանել սուլթանությունը, թալանել երկրի բնական հարստությունները: Բայց այդ քաղաքականությունը դատապարտված է եւ վաղ թե ուշ Ադրբեջանի ժողովուրդը խաբեության համար պատասխան կպահանջի»,- ընդգծել է Մինասյանը: