ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի խմբի համանախագահ Ֆրենկ Փալոուն կրտսերն ու Հայոց ցեղասպանության բանաձեւի հեղինակ Ադամ Շիֆը դեկտեմբերի 14-ին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին` քննարկելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցեր: Այդ մասին հայտնում է «Asbarez»-ը:

Հանդիպման ընթացքում խմբի անդամները ընդգծել են ԱՄՆ-ում հայկական սփյուռքի կարեւորությունը եւ Հայաստանին որպես ամուր դաշնակցի աջակցելու անհրաժեշտությունը:

Հանդիպման մասնակիցները նշել են Հայաստանի համար առատ օտարերկրյա ֆինանսավորման անհրաժեշտությունը եւ Ադրբեջանին ու Հայաստանին տրվող ռազմական օգնության հավասարակշռության պահպանումը:

Կոնգրեսականները իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ եւ ընդգծել Լեռնային Ղարաբաղին օգնելու անհրաժեշտությունը:

Շիֆն ու Փալոնը կոչ են արել վճռական միջոցներ ձեռնարկել` ցուցադրելու Հայաստանին իրենց աջակցությունը եւ մարտահրավեր նետելու Թուրքիային ու Ադրբեջանին Հայաստանի դեմ թշնամական քաղաքականության մեջ: