ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասում դեկտեմբերի 14-ին 10.30-11.00-ի սահմաններում  տեղի ունեցած միջադեպի արդյունքում` Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանը աչքին հասցված շթղայի հարվածից կորցրել է տեսողությունը: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին Հելսինկյան ասոցիացիայից:

Պատմելով դեպքի մանրամասները ասոցիացիայից փոխանցեցին, որ դիրքերից իջնելիս ենթասպա Արմեն Թովմասյանը, որը ճաշարանի աշխատակից է, ցանկացել է  Նարեկին վերակարգ կանգնեցնել, սակայն Նարեկը հրաժարվել է: Ի պատասխան Արմեն Թովմասյանը հետեւից մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի արդյունքում վնասել է նրա աչքը: Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց կանխավ զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերեւից քցել են, որի արդյունքում այն ընկել է աչքին:

Հետո այդտեղից Նարեկին տեղափոխել են Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, որտեղ էլ հեռացվել է Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի աջ աչքը; Այսինքն` վիրահատության արդյունքում ընդամենը աչքի արտաքին տեսքն են վերականգնել, իսկ տեսողությունը չի կարող վերականգնվել:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց, որ քրեական գործ դեռ չի հարուցվել, քանի որ դեռեւս Ռազմական ոստիկանությունում սույն գործով նյութեր են նախապատրաստվում, որից հետ նոր նախապատրաստված նյութերը կփոխանցեն իրենց: «Այդ պատճառով դեռ չեմ կարող մանրամասներ հաղորդել»,-ավելացրեց Մերի Սարգսյանը: