Առաջին անգամ Լոնդոնի հանրահայտ Christie’s աճուրդում տեղի ունեցավ հայկական ժամանակակից կերպարվեստի գործերի վաճառք: Այն կազմակերպվել էր նախկին ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից՝ «Երեւան, իմ սեր» բարեգործական նախագծի շրջանակներում, որին աջակցում էր նաեւ Լոնդոնում ՀՀ դեսպանությունը:
Աճուրդին ներկա էին մեծահարուստ բարեգործներ, մի շարք հայ գործարարներ, Եվրամիության խորհրդարանի անդամներ, դեսպաններ եւ դիվանագետներ: Աճուրդի բացմանը ելույթ ունեցան Christie’s աճուրդի տնօրեն վիկոնտ Լինլին, Լոնդոնում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը եւ Արմեն Սարգսյանը:
Աճուրդում ներկայացվել էին այնպիսի նկարիչների գործեր, ինչպիսիք են Վահան Թոփչյանը, Սամվել Բաղդասարյանը, Սարգիս Համալբաշյանը, Արարատ Սարգսյանը, Այվազ Ավոյանը, Արթուր Սարգսյանը եւ այլոք:
Աճուրդում տեղ էր գտել նաեւ յոթանասունամյա հայկական Նաիրի կոնյակը:
Աճուրդից գոյացած գումարը ուղղվելու է «Մայր եւ Մանկան» կենտրոնին: Կենտրոնը կօգնի դժվարության մեջ հայտնված կանանց հաղթահարելու աղքատության եւ բռնության հետ կապված խնդիրները, առողջական եւ հոգեբանական խնդիրները: Այն նաեւ կտրամադրի իրավաբանական օգնություն եւ մասնագիտական վերապատրաստում:




























