ՀՅԴ Հայ դատի Բրյուսելի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը եւ ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրըգորյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել են անգլիական Քենթ համալսարանի Բրոյուսելի մասնաճյուղում կազմակերպված «պետության տարածքային ամբողջականություն եւ ժողովրդի ինքնորոշման իրավունք» թեմայով գիտական սեմինարին:

Սեմինարի ընթացքում քննարկվել են ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված միջազգային իրավունքի այդ երկու սկզբունքների պահպանման կարեւորությունը:

Հ. Գրիգորյանը ներկայացրել է հիմնախնդրի լուծման հետ կապված Արցախի պաշտոնական դիրքորոշումը: Նա տեղեկացրել է ներկաներին նաեւ, որ Արցախը չի խուսափում «տարածքային ամբողջականության» տեսանկյունից նայել խնդրին, սակայն պետք չէ մոռանալ մարդու հիմնական իրավունքների մասին:

Խոսելով պետության տարածքային ամբողջականության մասին Հ. Գրիգորյանը իրավական տեսանկյունից համառոտ նկարագրել է Ադրբեջանի պետականությունը եւ հիմնավորել այն տեսակետը, որ առնվազն 20 տարի կոպիտ խախտվում է ե’ւ պետության տարածքային ամբողջականության, ե’ւ ինքնորոշման իրավունքի սկզբունքները, սակայն այդ երկուսն էլ միայն ԼՂՀ նկատմամբ:

«Յուրաքանչյուր պետության իշխանություն իրավասու է միայն այն տարածքների վրա իրականացնել իր իշխանությունը, եւ միայն այն տարածքների շրջանակում պահանջել իր տարածքային ամբողջականության իրավունքի պահպանումը, որոնց վրա նա առնվազն որեւէ մի ժամանակահատված լեգիտիմ պետական իշխանություն է իրականացրել եւ որի վրա իր պետական բնակչությունն է ապրել: Այլ կերպ ասած, այն տարածքների վրա, որտեղ միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ պետականություն է գոյացել, որն իր հերթին հնարավոր իրավախախտումների հետեւանքով դադարել է գոյություն ունենալ:

Իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ոչ մի օր չի տարածվել ադրբեջանական քաղաքացիություն, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ոչ մի օր չի ճանաչել ադրբեջանական իշխանությունը իբրեւ իր իշխանություն: Ադրբեջանական իշխանությունները ոչ մի օր չեն ունեցել լեգիտիմություն Լեռնային Ղարաբաղի ոչ ժողովրդի, ոչ էլ տարածքի նկատմամբ: Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ոչ մի օր չի գործել ադրբեջանական պետականությունը:

Ընդ որում այս լեգիտիմության բացակայության նշանակությունը չպետք է շփոթել տվյալ պետության ներսում իշխանության կայացման լեգիտիմության բացակայության հետ: Վերջինիս դեպքում իշխանության ներկայացուցիչները եւ (կամ) քաղաքական ուժերը պետական իշխանության գալու կամ նրա որոշակի օղակների պարտականություններ ստանձնելու ընթացքում, խախտում են ներպետական օրենսդրությունը: Իսկ մեր տարբերակում ադրբեջանական իշխանությունները միջազգային իրավունքի տեսանկյունից իսկզբանե չեն ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա իշխելու իրավունք: Այդ իսկ պատճառով կոպիտ սխալ է հանդիսանում պնդել, որ Ադրբեջանը իրավունք ունի միջազգային հանրությունից պահանջել ապահովել Լեռնային Ղարաբաղի ինքնավաությունն իր պետականության շրջանակներում: Իսկ բռնի կերպով իրականացնելով պետական իշխանություն Լեռնային Ղարաբաղի բռնագրավված տարածքներում, մասնավորապես Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մի մասում, ադրբեջանական իշխանությունները խախտում են միջազգային իրավունքը», - ամփոփել է ԳԴՀ-ում ԼՂՀ ներկայացուցիչը:

Պրն Մանոյանը հիշեցրել է ներկաներին, որ պետության տարածքային ամբողջականության սկզբունքը ենթադրում է, որ ոչ մի պետության տարածք իրավունք չունի բռնի կերպով փոփոխության ենթարկվել ուրիշ պետության կողմից, եւ ոչ մի պետություն իրավունք չունի իրականացնել պետական իշխանություն ուրիշ պետության տարածքում, եթե վերջինս դրան կողմ չէ: Իսկ Արցախի հիմնախնդրի տարբերակում տեղի է ունեցել վեճ եւ հետո ռազմական ընդհարում, որն իր հերթին վերածվել է տարածաշրջանային պատերազմի, երկու պետությունների՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ:

Մոտ 3 ժամ տեւած միջոցառման վերջում Քենթ համալսարանի գիտաշխատողները եւ մագիստրոսները համաձայնել են հայկական կողմի բերված փաստարկների հետ: