Նոյեմբերի 13-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ԱՄՆ-ում տեղի ունեցող ամենամյա հեռուստամարաթոնի հետ։

Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմից, այս տարվա հեռուստամարաթոնն ուղղված է լինելու Շուշիի վերականգնմանը եւ զարգացմանը։ Սահակյանը ներկաներին կոչ է արել նախապատրաստական աշխատանքները կազմակերպել պատշաճ մակարդակով եւ պարբերաբար տեղեկացնել ձեռք առնված միջոցների մասին։ Բացի այդ, Բակո Սահակյանը նշել է հանրապետության բնակիչների առավել ակտիվ մասնակցության անհրաժեշտության մասին։

Նախագահն ընդգծել է, որ նախապտրաստական աշխատանքներն այս տարի մի փոքր այլ ձեւաչափով են իրականացվում. Մոսկվայում հայրենակիցների հետ հանդիպմանը ներկա է եղել հանրապետության նախագահը, Ֆրանսիա է այցելել ԱԺ ղեկավարը, իսկ ԱՄՆ կմեկնի վարչապետը։

Նախագահը խոսել է նաեւ ջրամատակարարման եւ հեռահաղորդակցության ոլորտներում տարվող աշխատանքների, ինչպես նաեւ այս տարվա հաջող բերքահավաքի մասին։ Զեկույցներով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ։

Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, այլ պաշտոնատար անձիք։