«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի խմբագրության հետ գրազ է եկել մեկ շիշ կոնյակի վրա, որ առաջիկա նախագահական ընտրություններում կանցնի երկրորդ փուլ` Վլադիմիր Պուտինի հետ: Գրազի հաղթող կողմն իր ճաշակով կընտրի կոնյակի տեսակը:

Պարբերականը գրում է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Միրոնովը խմբագրությանը խոստացել է մեկ արկղ թանկարժեք շամպայն, եթե իրենց խմբակցությունը չավելացնի մանդատների թիվը նոր խորհրդարանում: Իր հերթին, «ՄԿ»-ի թղթակիցը պարտավորվել էր մեկ արկղ էժան շամպայն գնել, եթե «Սպրավեդլիվայա Ռոսիան» ավելացներ իր մանդատների թիվը: Միրոնովը հաղթեց գրազը, բայց որոշեց ինքը լրագրողներին հյուրասիրել երկու արկղ ալկոհոլով: Խմբագրությունն իր հերթին մեկ արկղ շամպայն գնեց:

«Կողմերը եկան ընդհանուր հայտարարի, որ գրազն ազնիվ էր, առանց կեղծիքների»,-գրել է պարբերականը:

Հիշեցնենք, որ Միրոնովն արդեն ԿԸՀ է ներկայացրել իր փաստաթղթերը, նախագահի թեկնածու գրանցվելու համար: Իրենց փաստաթղթերն են ներկայացրել նաեւ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, գործարար Միխայիլ Պրոխորովը, «Ուրիշ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովը եւ Իրկուտսկի նահանգապետ Դմիտրի Մեզենցեւը: