ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2012 թվականի սկզբին կայցելի Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանի ընդդիմության առաջնորդներից Իրակլի Ալասանիան` Diplomatic Courier-ին տված հարցազրույցում:

Նա հայտնել է, որ այցի ընթացքում հանդիպում կկայանա ժողովրդավարության հարցում երկկողմ ռազմավարական համագործակցության զարգացման երկխոսության շրջանակներում:

«Մենք հույս ունենք, որ այդ երկխոսությունը արդյունքներ կտա, որոնք կօգնեն ընտրական միջավայրի բարելավմանը»,- ասել է Ալասանիան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարը 2010 թվականի ամռանը Հարավային Կովկաս իր այցելության շրջանակում արդեն եղել է Թբիլիսիում, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի ղեկավարների հետ:

ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ, ընդդիմադիր «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան այս ամսվա սկզբին ԱՄՆ այցելության ժամանակ Վաշինգթոնում հանդիպել է ԱՄՆ սենատորների ու կոնգրեսականների, նաեւ պետքարտուղարությունում, ինչպես նաեւ հանդես եկել Heritage հիմնադրամում: