ՌԴ վեցերորդ գումարման պետդումայի կազմում ընդգրկված են խոշոր գործարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ դերասանուհի, Playboy-ի աստղ Մարիա Կոժեւնիկովան:

Ընդ որում, Կոժեւնիկովան էրոտիկ ամսագրի Պետդումա անցած միակ աստղը չէ: Հինգերորդ գումարման խորհրդարանում երկրի ճակատագիրը որոշում էին մարմնամարզուհի Ալինա Կաբաեւան, որը եւս մերկ լուսանկարվել է Maxim ամսագրի համար, Սվետլանա Խորոկինան, որը նույն ամսագրի համար լուսանկարվել էր ներքնազգեստով եւ բռնցքամարտի սպորտի վարպետ Նատալյա  Կարպովիչը, որը մինչեւ գոտկատեղը մերկ էր լուսանկարվել` բռնցքամարտի ձեռնոցներով ծածկելով բարեմասնությունները: Այս մասին հիշեցնում է The Daily Mail-ը:

Վեցերորդ գումարման նոր Դումա են անցել «ՆՈՎԱՏԷԿ»-ի համասեփականատեր Լեոնիդ Սեմանովսկին եւ ներդրումային-ֆինանսական «Մետրոպոլ» ընկերության սեփականատեր  Միխայիլ Սլիպենչուկը:

Forbes ամսագրի տվյալներով` Սիմանովսկին Ռուսաստանի հարուստների շարքում 19-րդ տեղն է զբաղեցնում, նրա ունեցվածքը գնահատվում է 950 մլն դոլար: Սլիպենչուկը ցուցակում 193-րդ տեղն է զբաղեցնում, բայց ոչ պակաս տպավորիչ հարստություն ունի` 500 մլն դոլար:

Խորհրդարան են անցել նաեւ հայտնի արտիստներ եւ մարզիկներ`երգիչ Իոսիֆ Կոբզոնը, հեռուստահաղորդավար Ալեքսեյ Պուշկովը, լեգենդար հոկեյիստ Վլադիսլավ Տրետյակը:

Ցուցակում նաեւ ԱԻ նախարար Սերգեյ Շոյգուի քույրը` Լարիսա Շոյգուն է եւ «Убитые дороги Пскова» («Պսկովի սպանված ճանապարհները» ) կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Վասիլեւը: