Իտալիայի կառավարությունը, Մարիո Մոնտիի գլխավորությամբ, այսօր` դեկտեմբերի 16-ին, Ազգային խորհրդարանի պատգամավորների պալատում վստահության քվե է ստացել: Վստահություն հայտնելուն «կողմ» են քվեարկել 495 պատգամավորներ, «դեմ»`88, չորսը ձեռնպահ են մնացել:
Այսպես, Մոնտիի կառավարությանն աջակցել են Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության պատգամավորները, ինչպես նաեւ դեմոկրատական կուսակցությունը եւ կենտրոնամետները, իսկ կառավարության ծրագրերին անհամաձայյնություն են հայտնել «Հյուսիսի լիգա» (որն օրերս ընդհատել է Մոնտիի ելույթը) եւ «Արժեքների Իտալիա» կուսակցությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միաժամանակ, երկրում տրանսպորտային ոլորտի աշխատակիցների գործադուլ է տեղի ունենում, որը կաթվածահար է արել Ապենինների խոշոր քաղաքները: Դեկտեմբերի 15-ի 21:00-ից 24 ժամով աշխատանքը դադարեցրել են Հռոմի, Միլանի, Նեապոլի, Բոլոնիայի, Թուրինի, Ֆլորենսիայի ավտոբուսները, տրամվայները եւ մետրոն, ինչպես նաեւ Վենետիկի ջրային տրանսպորտը:
Արհմիությունների հայտարարությամբ` գործադուլին մասնակցում են ոլորտի աշխատակիցների 70-95 տոկոսը: 24-ժամյա գործադուլ են ացկացնում նաեւ երկաթգծային տրանսպորտի աշխատակիցները, թեպետ «Տրենիտալիա» պետական երկաթուղիների ղեկավարությունը երաշխավորել է պիկ ժամերին տարածաշրջանային գնացքների կայուն աշխատանքը, ինչպես նաեւ` հեռավոր երթուղիներ իրականացնող գնացքների 74 տոկոսինը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, ընթացիկ շաբաթն Իտալիայում հայտարարվել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների դեմ պայքարի շաբաթ: Դեկտեմբերի 12-ին երկրում անցկացվեց համազգային առաջին գործադուլը, դեկտեմբերի 19-ին էլ կկայանա պետական աշխատողների գործադուլը:



























