ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախումբը մտահոգություն է հայտնել Ղազախստանի անկարգությունների ընթացքում 10 մարդու մահվան կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ռուպերտ Քոլվիլը` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայի ներկայացուցիչը:

Հանձնախումբը Ղազախստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ հետաքննել այդ միջադեպը եւ հոգ տանել, որպեսզի անվտանգության ուժերը հասարակական կարգը պաշտպանելիս բռնության չդիմեն, տեղեկացնում է  «Ազատություն» ռադիոկայանը:

Իր հերթին միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ղազախստանի իրավապահ կառույցներին կոչ է արել Ժանաոզեն քաղաքում կարգուկանոն հաստատելիս պահպանել մարդու իրավունքները:

Կազմակերպությունը Ղազախստանի իշխանություններին կոչ է արել մանրամասն եւ անկողմնակալ հետաքննություն անցկացնել տեղի ունեցած դեպքերի առնչությամբ եւ մեղավորներին պատժել: Human Rights Watch-ը հանդես է եկել  Ժանաոզեն քաղաքում հեռուստահաղորդակցման ծառայությունները վերականգնելու օգտին. «Առանց արտաքին աշխարհի հետ շփման միջոցների, Ժանաոզենի բնակիչները չափազանց խոցելի են»,- «Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ` հաղորդագրության մեջ նշել է HRW-ը:

Հիշեցնենք, վերջին տվյալներով` Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ժանազոեն քաղաքում զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվել է 10 մարդ, կան վիրավորներ, այդ թվում` ոստիկաններ:  Այրվել են քաղաքային ակիմատի, հյուրանոցի եւ «Օզենմունայգազ» ընկերության գրասենյակի շենքերը:

Իրավապահների տեղեկացմամբ` զոհվածները հաշվվում են տասնյակներով, վիրավորները` հարյուրներով: Ամբողջ Ղազախստանում արգելափակված է Twitter-ը, չեն գործում անկախ լրատվամիջոցների կայքերը, Ժանաոզենում անջատված է հեռախոսակապը:

Քաղաք են բերվել հատուկ ջոկատներ եւ զրահատեխնիկա, գրում է gazeta.ru-ն: