Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ժանազոեն քաղաքում զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվել է 10 մարդ, կան վիրավորներ: Աստանայում կայացած բրիֆինգում նման թվեր է ներկայացրել երկրի գլխավոր դատախազ Ասհատ Դաուլբաեւը:
Նա հայտնել է, որ անկարգությունների ընթացքում այրվել են երեք շենքեր, ոչնչացվել ֆիզիկական ու իրավաբանական անձանց գույք, հրդեհվել ավտոմեքենաներ:
Նրա խոսքով, իրավախախտները հարձակվել են ոստիկանների վրա, շուռ տվել ամանորյա եղեւնին, Ղազախստանի 20-ամյակի տոնակատարությունների համար տեղադրված յուրտերն ու բեմը: Դատախազի ներկայացմամբ, հարձակվողները կիրառել են հրազեն եւ սառը զենք:
Դաուլբաեւը հայտնել է նաեւ, որ զանգվածային անկարգությունների փաստի առթիվ, հարուցվել է քրեական գործ, երկրի նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է օպերատվ-քննչական խումբ` ՆԳ նախարար Կալմուհամբեթ Ղասիմովի ղեկավարությամբ, ով արդեն մեկնել է Ժանաոզեն:
Հիշեցնենք, որ այսօր, Ժանաոզենում կենտրոնական հրապարակում ձախողվել է տոնական միջոցառումը` նվիրված հանրապետության 20-ամյակին, որից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել:
Տեղի լրատվամիջոցների ներկայացմամբ, ակցիային մասնակցել են տեղի նավթային ձեռնարկությունների նախկին աշխատակիցները, ովքեր աշխատանքից ազատվել էին երկարատեւ գործադուլից հետո:




























