Դեկտեմբերի 16-ին Կահիրեում տեղի ունեցած բախումների արդյունքում կրկին զոհեր եւ վիրավորներ են եղել: Տեղի իշխանությունների վերջին տվյալներով` 3 մարդ զոհվել է, 255-ը` վիրավորվել:
Միաժամանակ, հիվանդանոցներից հայտնում են, որ տուժածների թիվը գերազանցել է 500-ը: Ընդ որում` շատերը հրազենային վնասվածք ունեն, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեկտեմբերի 16-ի առավոտյան կառավարության շենքի մոտ սկսված բախումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, ցուցարարներին ցրելու համար իշխանությունները արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառել:
Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով` զոհվածներից մեկը մահացել է կրծքին ստացված հրազենային վնասվածքից:
Զինված ուժերի գերագույն խորհուրդը հայտնել է, որ բախումները հրահրել են անհայտ անձինք, որոնք հարձակվել են կառավարության շենքի մոտ ծառայություն իրականացնող բանակի սպայի վրա:




























