Թերթը գրում է, որ Աժ նախագահ Սամվել Նիկոյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը հատուկ հարաբերություններ են հաստատել:

«Մեր աղբյուրների պնդմամբ` նրանք հաճախ հանդիպում են եւ խորհրդակցում ամենատարբեր քաղաքական կադրային հարցերի շուրջ:  Դիտորդների գնահատմամբ, Նիկոյանին եւ Սարգսյանին միացնում է ընդհանուր շահը, եւ դաշինք են կազմել առաջիկա ընտրություններից հետո պաշտոնները պահպանելու շուրջ փոխօգնության հարցով: Ավելի պարզ՝ Նիկոյանը Տիգրան Սարգսյանին պետք է օգնի՝ ընտրություններից հետո էլ վարչապետ մնալ, Սարգսյանը Նիկոյանին պետք է օգնի` մնալ Աժ նախագահ:

Այս պահին նրանք խնդիր ունեն Հովիկ Աբրահամյանին թույլ չտալ մտնել ՀՀԿ համամասնական ցուցակի եռյակ, և այնպես անել, որ առաջինը լինի Սերժ Սարգսյանը, երկրորդը` Տիգրան Սարգսյանը, երրորդը` Սամվել Նիկոյանը», ապա թերթը հավելում է.

«Ըստ մեր տեղեկությունների` ցուցակի չորրորդ համարը զբաղեցնելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը, լավագույն դեպքում, հինգերորդ տեղը կզբաղեցնի: 2007 –ին Աբրահամյանը եղել է ՀՀԿ-ի ցուցակի 3-րդ համարը, 2003-ին`4-րդը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: