«Հրազդան» մարզադաշտի տարածքում առեւտրի կենտրոն կառուցելու հետ կապված մյուս շաբաթ լուրջ քննարկում է լինելու: Այս մասին այսօր` դեկտեմբերի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

«Այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանելու, քանի որ մյուս շաբաթվա մեջ Հրազդան մարզադաշտի հետ կապված լուրջ քննարկում է լինելու»,-ասաց նա ու հավելեց. «Որպեսզի չկրկնվեմ դուրս չգա, որ բան ու գործներս թողել ու «Հրազդան» մարզադաշտով եմ զբաղվում,  այսօր այդ թեմայով չեմ խոսի: Մյուս շաբաթ կլինի նոր մամուլի ասուլիս, նոր փաստերով եւ բացատրություններով հանդես կգամ»,- արձագանքեց Ռուբեն Հայրապետյանը պատասխանելով  NEWS.am-ի թղթակցի հարցին:

Նշենք, որ «Հրազդան» մարզադաշտի վարձակալ, Հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը ցանկանում է մարզադաշտի տարածքում գործող տոնավաճառը քանդել, եւ տեղում կառուցել առեւտրի կենտրոն՝ այսինքն կապիտալ շինություն, ինչն անթույլատրելի է համարել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ իր տված փորձագիտական եզրակացությունում, քանի որ տոնավաճառը գործում է մարզադաշտի տարհանման գոտում: Այսինքն՝ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ այս տարածքն անհրաժեշտ է մարզասերների ժամանման եւ մեկնման համար, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում այն առավել կենսական դեր է կատարում:

Աղաբաբյանի ծրագրերի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվել, ստեղծվել են նախաձեռնություններ, որոնք պահանջում են չեղյալ հայտարարել առեւտրի կենտրոնի կառուցումը:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռ. Հայրապետյանը նշել էր, որ աջակցելու է այդ նախաձեռնություններին: «Ես նրանց հետ եմ, այդ նախաձեռնող խմբի հետ, աջակցելու եմ, որքան կարող եմ ու որքան ֆեդերացիայի նախագահն եմ, որպեսզի թույլ չտանք այդ շինարարությունը»,- նշեց նա: Ֆեդերացիայի նախագահը «Հրազդան» մարզադաշտի հարցով հանրապետության նախագահի հետ չի զրուցել, սակայն հույս ունի, որ մարզադաշտը կպահպանի իր նախնական տեսքը: «Հույսը վերջում է մահանում»,- ասել էր նա: