Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար տարվա բացթողումը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար դուրս չգալն է, իսկ նվաճումը` գեղեցիկ խաղը, որն ուրախացրեց երկրպագուներին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր, դեկտեմբերի 17-ին հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփեց  ֆուտբոլային տարին:

Հայկական ֆուտբոլի ղեկավարը հայտարարեց, որ ազգային հավաքականն իրական հնարավորություն ուներ դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար, սակայն չօգտագործեծ այդ շանսը, ինչը տարվա բացթողումն է: Ձեռքբերումը ազգային հավաքականի ցուցադրած գեղեցիկ ֆուտբոլն էր, որն ուրախացրեց երկրպագուներին:

Արձակուրդից հետո ազգային հավաքականը նոր մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել փետրվարից: Թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում: Մինչեւ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկը հավաքականը չորս ընկերական հանդիպում կանցկացնի: Մրցակիցների վերաբերյալ ֆեդերացիան առայժմ հստակ պայմանավորվածություններ չունի:

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Հայաստանի հավաքականը Թուրքիայում երբեւէ ընկերական հանդիպում չի անցկացնի, քանի որ կան բազմաթիվ  բարեկամական երկրներ, որտեղ կարելի է խաղալ, իսկ Թուրքիայում Հայաստանի հավաքականը կխաղա միայն պաշտոնական հանդիպումներում:

Ազգային հավաքականի շանսերը Ռուբեն Հայրապետյանը միշտ է բարձր գնահատում, գուշակություններով չի զբաղվում,սակայն, իմանալով հավաքականի ներուժը,  հավաքականն իրավունք չունի դնել այլ խնդիր, բացի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում առաջին տեղ գրավելը եւ եզրափակիչ մրցաշար դուրս գալը:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հաստատված խաղացանկի վերաբերյալ Ռուբեն Հայրապետյանը դրական է գնահատում այն հանգամանքը, որ առաջին հանդիպումը հավաքականն անցկացնելու է ոչ թե Դանիայի, Չեխիայի կամ Իտալիայի նման հզոր հավաքականի, այլ` Մալթայի հետ, քանի որ առաջին ընտրական հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողնելու Ռոման Բերեզովսկին:

Դարպասապահ Ապուլա Բետեն արդեն ստացել է հրավեր եւ կխաղա հավաքականում եւ պահեստայինների նստարանին կփոխարինի Ռոման Բերեզովսկուն, որն անփոխարինելի է հավաքականի համար:

Հայաստանում բարձրակարգ դարպասապահների բացակայությունը Ռուբեն Հայրապետյանը պայմանավորում է ակումբների մոտեցմամբ, որը եղել է նախորդ տարիներին: Հայաստանի ավարտված առաջնությունում ութ ակումբներից հինգում խաղում էին օտարերկրացի դարպասապահներ: Հայրապետյանի խոսքով, ակումբները մատը մատին չեն ուզում տալ սեփական կադրերի պատրաստման ուղղությամբ եւ օտարերկրացի դարպասապահների մասնակցության արգելքը կստիպի ակումբներին զբաղվել դրանով:

ՀՖՖ նախագահը չի պատկերացնում Հայաստանի ազգային հավաքականն առանց թիմի երկար տարիների ավագ Սարգիս Հովսեփյանի, սակայն հավաքականում նրա խաղալ կամ չխաղալու հարցը հավաքականի գլխավոր մարզչի որոշելիքն է եւ կապված է ֆուտբոլիստի մարզավիճակի հետ:

Հայաստանի առաջնությունն աշուն-գարուն համակարգով անցկացնելու նպատակը եվրոպական ստանդարտներին մոտենալն է: Աշնանն անցկացվող ընտրական հանդիպումներում Հայաստանի երիտասարդական հավաքականի վատ ելույթները եւ վատ ֆունկցիոնալ վիճակը նաեւ պայմանավորված է հին` գարուն-աշուն  համակարգով, նշեց Հայրապետյանը:

2012-ին ֆեդերացիայի նախատեսում է կիսով չափ ավարտել Գյումրիի ֆուտբոլի դպրոցի շինարարությունը եւ սկսել Վանաձորի եւ Նորագավիթի նոր ֆուտբոլային դպրոցների շինարարությունը: