Ամանորյա սեղանին պետք է դնել շողշողացող բյուրեղյա բաժակներ, ոսկեզօծ սպասք: Այս մասին այսօր` դեկտեմբերի 17-ին, ասաց Նորաձեւության հայկական խորհրդի անդամ, դիզայներ Լիլիթ Մարգարյանը` հավելելով, որ 2012թ հերոս վիշապի սիրելի գույները կանաչն ու կարմիրն են: Նա խորհուրդ է տալիս Ամանորը դիմավորել շքեղ եւ փայլուն զգեստներով, շքեղ զարդերով, օրինակ` ոսկեղենով: «Վիշապը տարբերվում է նրանով, որ հորինված կենդանի է, գոյություն չունի: Ավանդություններից գիտենք, որ վիշապը փառասեր է, հարստության հովանավորը, ուստի այն պետք է դիմավորել արքայավել»,- նշեց դիզայները: Ի դեպ, Լիլիթ Մարգարյանը ներկայացրեց նաեւ, թե, առանձին աստղակերպի նշանները ինչ պետք է կրեն Ամանորի գիշերը:
Այսպես` վիշապներին խորհուրդ է տրվում Ամանորը դիմավորել դեղին կամ ոսկեգույն հագուստով, օձերին եւ ձիերին հաջողություն կբերի կարմիրը, ցուլերին եւ շներին` դեղինը, կապիկներին եւ աքլորներին` սպիտակը, վարազի եւ առնետի տարում ծնվածներին` սեւը, վագրերին եւ նապաստակներին` կանաչը` սեւով: Դրա հետ մեկտեղ, Լիլիթ Մարգարյանը նշեց, որ պետք չէ կենտրոնանալ այս ամենի վրա, պարզապես կարեւորն այն է, որ Ամանորը դիմավորենք բարձր տրամադրությամբ:




























