Պետական պաշտոնյաները կորցնում են հանրային վստահությունը, երբ սկսում են հասարակությանը ներկայանալ քաղաքական կուսակցությունների կրծքանշաններով: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 17-ին, լրագրողներին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
«Գնում ենք կուսակցություն-իշխանություն բացարձակ սերտաճման: Սովետական միությունում այն հասել էր աբսոլյուտի: Այդ 70 տարվա կյանքը կարելի է բացատրել միայն նավթով եւ 250 միլիոնանոց բնակչությամբ: Մեր նման փոքր երկրում այդ ճանապարհը կարող է շատ ավելի կարճ լինել», – նշեց պատգամավորը:
Նա ուշադրություն դարձրեց, որ նման ոճն այլ երկրներում բացակայում է: Միայն Ֆրանսիայում բաճկոնի դարձածալին պաշոնյաները կարմիր կամ կապույտ ժապավեն են փակցնում, այն էլ ի նշան քաղաքական հոսանքի` ձախ կամ աջ, բայց երբեք`կոնկրետ կուսակցության:
«Այն պահին, երբ նախագահը դուրս է գալիս այդ նշանով, նա հասարակության աչքերում դառնում է ոչ թե բոլորի նախագահը, այլ տվյալ քաղաքական կուսակցության նախագահը, վարչապետը կրկին ոչ թե բոլորինն է, այլ տվյալ կուսակցության վարչապետը: Դա կախված չէ կոնկրետ անձից: Պաշտոնյան կարող է ջանքեր գործադրել բարեխիղճ կատարել իր աշխատանքը, սակայն մարդիկ տեսնում են նրան կուսակցության տարբերանշանով, ինչն ըստ էության նշանակում է կուսակցության գովազդ», – ընդգեց Հովհաննիսյանը:




























