Արտադրողների ասոցիացիան հայտարարել է, որ սովորույթների փոփոխությունը և աշխարհի մռայլ վիճակը բացասաբար է անդրադառնում ֆրանսիական շամպայնի վաճառքի վրա, որի մատակարարումներն անցած տարի նվազել են գրեթե 10%-ով, գրում է The Guardian-ը:

Կարևորագույն շուկաների սպառողները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ֆրանսիան, կրճատել են էլիտար ըմպելիքները, քանի որ տնտեսական և քաղաքական անկայունությունը վատացրել է երեկույթներում մարդկանց տրամադրությունները: «Շամպայնը սպառողների տրամադրությունների իսկական բարոմետր է, - ասել է  Մաքսիմ Թուբարտը՝ Գինեգործների գլխավոր սինդիկատի, արտադրողների արհմիության նախագահը և Շամպայնի կոմիտեի համանախագահը:- Հիմա տոնելու ժամանակը չէ՝ հաշվի առնելով արժեզրկումը, հակամարտություններն ամբողջ աշխարհում, տնտեսական անորոշությունը և քաղաքական սպասողական դիրքորոշումը շամպայնի որոշ խոշորագույն շուկաներում, ինչպիսիք են Ֆրանսիան և Միացյալ Նահանգները»:

Ավելի մատչելի այլընտրանքները, ներառյալ պրոսեկոն, անգլիական փրփրուն գինիները և կրեմանտներն ավելի հաճախ են դուրս մղում շամպայնը սպառողների շրջանում, իսկ պրեմիում դասի ֆրանսիական փրփրուն գինիների պահանջարկն ընկել է իր ամենացածր մակարդակին վերջին երկու տասնամյակի ընթացքում:

Վերջին տարիներին ոչ թանկ ալկոհոլային խմիչքները որակական առումով ավելի մրցունակ են դարձել։ Ավելի շատ տվյալներ են ապացուցում, որ  Z սերունդը և միլենիալները առանցքային շուկաներում, ինչպիսին ԱՄՆ-ն է, հրաժարվում են ալկոհոլից՝ հաճախ նախապատվությունը տալով այնպիսի զվարճանքների, ինչպիսին մոկտեյլներն են և մարիխուանան, մինչդեռ բեյբի-բումերները թոշակի են անցնում և ավելի քիչ են ծախսում գինու վրա:

Անցյալ հուլիսին ֆրանսիական շամպայն արտադրողները կարգադրել էին կրճատել հավաքված խաղողի քանակն այն բանից հետո, երբ 2024 թվականի առաջին կիսամյակում վաճառքը նվազել էր ավելի քան 15%-ով:

Շամպայն գինիների կոմիտեի տվյալներով, ամբողջ տարվա ընթացքում մատակարարումների ծավալը 2023 թվականի համեմատ նվազել է 9,2%-ով՝ հասնելով 271,4 միլիոն շշի։ Շամպայնի պահանջարկն աճել էր 2022 թվականին՝ համավարակի հետևանքով, և մատակարարումները հասել էին 326 միլիոն շշի, բայց դրանից հետո սկսել են նվազել:

2023 թվականին առաքվել է մոտավորապես 299 միլիոն շիշ, ինչը նշանակում է, որ նվազումը կազմել է ավելի քան 8%։