Ընտրությունների արդյունքները սկսվում են կեղծվել արդեն հիմա: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 17-ին, հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Գործընթացներն արդեն հիմա են սկսվել. ամենուր կուսակցական շտաբներում, որտեղ աշխատավարձով բազմաթիվ մարդիկ են ընդունում` պարզ չէ, թե ինչ աշխատանքի համար», - նշեց Վ. Հովհաննիսյանը;
Մեկ այլ ձեւն, ըստ նրա, կուսակցատոմսեր հրապարակավ բաժանելն է: «Դա որեւէ նորմերով ընդունելի չէ», – նշեց Վ.Հովհաննիսյանը:
Պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է նման քայլերի դիմել նաեւ Դաշնակցությունը, նա նշեց, որ ՀՅԴ-ն կուսակցատոմսեր չունի, բայց եթե ունենար էլ, դրանք հրապարակավ չէր բաժանի:
«Եթե ընտրապայքարն այդպիսին է, ուրեմն քվեները փորձում են ոչ թե շահել, այլ հնձել: Դրա համար օգտագործում են ամեն ինչ` գերանդիից մինչև «պիլասոս»: Այպես որ կեղծիքների դեմ պայքարել ընտրությունների օրը ուշացած կլինի: Հիմա ձայները հնձում են, ընտրության օրը կմնա միայն բերք հավաքել», - հավելեց Հովհաննիսյանը:




























