ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո կփակի բոլոր ներառական ծրագրերը դաշնային կառավարությունում։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրա տվյալներով՝ նա երդմնակալությունից անմիջապես հետո կձգտի վերջ դնել բազմազանության, հավասարության եւ ներառականության բոլոր ծրագրերին։ Բացի այդ, ստորագրելով համապատասխան հրամանագիր՝ Թրամփը օրենսդրական մակարդակով կսահմանի մարդու կենսաբանական սեռի սահմանումը։

Հանրապետականն ավելի վաղ խոստացել էր «վերջ դնել տրանսգենդերային խելագարությանը» Միացյալ Նահանգներում։ Դեկտեմբերին ելույթ ունենալով Ֆենիքս քաղաքում (Արիզոնայի նահանգ)՝ Թրամփը հայտարարել է, որ կստորագրի հրամանագրեր՝ դադարեցնելու համար «երեխաների խեղանդամումը սեռը փոխելու վիրահատության միջոցով», եւ խոստացել է «տրանսգենդերներին հեռացնել ռազմական, տարրական, միջին եւ ավագ դպրոցներից» եւ արգելել տղամարդկանց մասնակցել կանանց սպորտային մրցումներին։ Սպիտակ տան նոր ղեկավարն ընդգծել է, որ միայն երկու՝ արական եւ իգական սեռերի գոյության ճանաչումը կդառնա ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունը։

ԱՄՆ որոշ դաշնային գերատեսչություններ արդեն սկսել են փակել բազմազանության ծրագրերը: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն փակել է համապատասխան գերատեսչությունը նախորդ տարվա դեկտեմբերին։ Ամերիկյան ընկերությունները նույնպես սկսել են հրաժարվել ներառական բաժիններից։ Դրանց թվում են Amazon-ը, Meta-ն (Ռուսաստանում ճանաչված է ծայրահեղական), McDonald's-ը, Ford-ը եւ Walmart-ը։