Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 17-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հանդիպում է ունեցել ավելի քան երկու տասնյակ երիտասարդ գիտնականների հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ավելի վաղ նրանց մի մասի հետ Ծաղկաձորում ունեցած հանդիպման ժամանակ խոստացել էր նման հանդիպումները դարձնել պարբերական, որոնք, նրա խոսքով, նպատակ ունեն երիտասարդ գիտնականների հետ անկաշկանդ մթնոլորտում քննարկել մեր երկրում գիտության զարգացմանն աջակցելու երիտասարդների ներուժը, հնարավորություններն ու առկա խնդիրները, նաեւ՝ դրանց լուծմանն ուղղված առաջարկները:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները:
Երիտասարդները շնորհակալություն են հայտնել Նախագահին՝ հանդիպումները պարբերական դարձնելու, իրենց տեսակետներն ու առաջարկները լսելու պատրաստակամության եւ գիտության զարգացման գործում երիտասարդների դերի կարեւորությունն ընդգծելու համար:
Հանրապետության ղեկավարի հետ նրանք քննարկել են երիտասարդ գիտնականների աշխատանքային պայմանների բարելավման, նրանց առաջխաղացման հնարավորությունների, երիտասարդ գիտնականների կողմից իրականացվող ծրագրերին աջակցության, ինչպես նաեւ գիտության բնագավառի վերաբերյալ օրենսդրության բարեփոխումների եւ արդի պահանջներին համապատասխանեցման, հասարակության մեջ գիտնականների հեղինակության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման վերաբերյալ հարցեր:
Սերժ Սարգսյանը պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող հարցերին, նրանց առաջարկությունների հետ կապված որոշակի հանձնարարականներ տվել պետական համապատասխան մարմիններին եւ նշել, որ յուրաքանչյուր տարվա համար երիտասարդ գիտնականներին ֆինանսական աջակցության նպատակով կհատկացվի 100 մլն. դրամ, որը կտրամադրվի գոյություն ունեցող հիմնադրամներից մեկի միջոցով: Նախագահը հանդիպման մասնակից երիտասարդներին առաջարկել է քննարկել այդ միջոցներն արդյունավետ տնօրինելու սկզբունքները, ծրագրային ուղղություններն ու ընթացակարգերը:




























