Միասնական քննությունների լրացուցիչ փուլը նույնպես հաջողությամբ է ավարտվում: Այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում «Ֆիզիկա» առարկայի միասնական լրացուցիչ քննության ընթացակարգին ծանոթանալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հավելելով, որ մտավախություններ կային, թե կարող է լինել միավորների ժայթքում կամ թեստերի արտահոսքեր, բայց նման փաստեր չեն գրանցվել: Նրա խոսքով, լրացուցիչ փուլի միավորներն ավելի ցածր են եղել, քան հիմնական քննություններինը եւ ճիշտ չեն մտավախությունները, թե լրացուցիչ փուլին մասնակցում են «հատուկ» դիմորդներ:
Նախարարը նշել է, որ լրացուցիչ միասնական քննություններից մնացել է միայն հունիսի 16-ին նախատեսված ռուսաց լեզվի քննությունը, որին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 40 դիմորդ: Դրանից հետո, ըստ Աշոտյանի, քննական մարաթոնը թևակոխում է վերջին փուլ` բանավոր քննություններ, որից հետո կամփոփվեն գնահատականները, իսկ օգոստոսի 1-ին գնահատականները ցուցակները կփակցվեն քննական կենտրոններում:
Ինչ վերաբերում է բողոքներին, որոնց մեծ մասը եղել է հայոց լեզվի քննական թեսթերի վերաբերյալ, ապա Ա. Աշոտյանը կարծում է, որ գործընթացն իսկապես փոփոխման կարիք ունի, և իրենք փորձելու են հետևություններն անել հաջորդ տարվա համար:



















